Բաքուն շտապ օտարերկրյա դեսպանների է հրավիրել՝ Հայաստանից բողոքելու համար։ Այդ նողկալի եւ անշնորհակալ գործը՝ դեսպանների ականջներին «լափշա կախելը» կատարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հապճեպ հրավիրված հանդիպմանը Հաջիեւը բողոքել է, որ «Հայաստանն օկուպացիայի տարիներին ավերել է Ադրբեջանի տարածքում մշակութային հուշարձանները, ինչպես նաեւ ապօրինաբար շահագործել ադրբեջանական ռեսուրսներն ու վնաս հասցրել շրջակա միջավայրին»։
«Հասցված վնասի» մասին լափշային Հաջիեւը հավելել է «տեղեկություններ Լաչինի միջանցքի իրավիճակի մասին»։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական մի խումբ՝ ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն եւ անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կապն ապահովելու նպատակով: Ադրբեջանցի սադրիչների գործողությունների հետեւանքով ճանապարհը երկու ուղղություններով փակ է։ Անհնար է դարձել ԼՂՀ դեղամիջոցներ, մթերքներ տեղափոխելը, ինչպես նաեւ մուտքը ծանր հիվանդների, բուժման կարիք ունեցող մարդկանց համար։ Ճանապարհներին արգելափակվել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։





























