Իրանը եւ Ռուսաստանը քննարկում են ավիացիայի ոլորտում համագործակցությունը, այժմ քննարկումներ են ընթանում ինքնաթիռների, ուղղաթիռների արտադրության համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաեւ ավիատրանսպորտի տեխսպասարկման կազմակերպման շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարության փոխնախարար Մանուչեհր Մանթեգին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ համատեղ նախագծերի քննարկումն ընթանում է իրանական 11-րդ միջազգային ավիասրահի շրջանակում, որն անցկացվում է Պարսից ծոցի Քիշ կղզում դեկտեմբերի 13-16-ը:   

Մանթեգին հավելել է, որ իրանական 11-րդ միջազգային ավիասրահի շրջանակում քննարկվում է տեխսպասարկման եւ կոմերցիոն ինքնաթիռների վերանորոգման կազմակերպման ոլորտում Ռուսաստանի եւ Իրանի ավիացիոն արդյունաբերության ճյուղերի համագործակցությունը, Ռուսաստանի ավիաարտադրողների Միության կողմից 100-150 մարդ տեղափոխող ինքնաթիռների արտադրությունը, ինչպես նաեւ Իրանում Կա-226 ուղղաթիռների եւ 70-100 մարդ տեղափոխող ինքնաթիռների արտադրության եւ նախագծման ոլորտում համագործակցությունը։