ASML Holding NV-ի՝ կիսահաղորդչային սարքավորումների հոլանդական արտադրողի գործադիր տնօրենը հարց է տվել, թե իմաստ ունի արդյոք, որ ԱՄՆ-ը ստիպի Նիդեռլանդներին ընդունել Չինաստան արտահանումը սահմանափակող նոր կանոններ։

«Գուցե նրանք կարծում են, թե մենք պետք է հանդիպենք բանակցությունների սեղանի շուրջ, բայց ASML-ն արդեն զոհողությունների գնացել է»,- ասել է գլխավոր տնօրեն Փիտեր Վենինկը NRC Handelsblad թերթի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ճնշման տակ Նիդեռլանդների կառավարությունն արդեն 2019-ից արգելել է ASML-ին իր ամենաառաջավոր լիտոգրաֆիկ մեքենաներն արտահանել Չինաստան, ինչը, ըստ նրա, օգուտ է բերել ամերիկյան ընկերություններին, որոնք այլընտրանքային տեխնոլոգիաներ են վաճառում։

Նա նշել է, որ չնայած ASML-ի վաճառքի 15 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին, չիպային սարքավորումների ամերիկյան մատակարարների պարագայում այդ ցուցանիշը «25, երբեմն էլ ավելի քան 30 տոկոս է»։

Հոկտեմբերին Բայդենի վարչակազմը արտահանման նոր կանոններ հրապարակեց ամերիկյան ընկերությունների համար՝ ուղղված այն բանին, որպեսզի Չինաստանը զրկվի առաջավոր կիսահաղորդչային միկրոսխեմաներ արտադրելու հնարավորությունից, եւ որպեսզի դանդաղի նրա ռազմական եւ տեխնոլոգիական զարգացումը։

Վաշինգտոնը Նիդեռլանդներին, Ճապոնիային եւ մի քանի չնշված այլ երկրների կոչ է անում այդպիսի կանոններ ընդունել։ Նիդեռլանդների առեւտրի նախարարը հաստատել է, որ բանակցությունները շարունակվում են։

Վենինկն ասել է, որ հակասական է թվում այն փաստը, որ ԱՄՆ-ում միկրոսխեմաներ արտադրողները կարող են իրենց ամենաառաջավոր միկրոսխեմաները վաճառել չինացի հաճախորդներին, այն դեպքում, երբ ASML-ն կարող է վաճառել միայն միկրոսխեմաների արտադրության հին սարքավորումները։ «Չիպերի ամերիկյան արտադրողները Չինաստանի հետ, որպես գնորդի, խնդիրներ չունեն»,- ասել է նա։

Այնինչ, «բոլորին է հայտնի, որ չիպերի տեխնոլոգիաները զուտ ռազմական հավելվածների համար արդեն 10-15 տարեկան են։ (Այնուամենայնիվ), այդ չիպերի արտադրման համար օգտագործվող տեխնոլոգիան դեռեւս կարող է վաճառվել Չինաստանին»,- ավելացրել է նա։