ԱՄՆ օրենսդիրները երկկուսակցական օրինագիծ են ներկայացրել չինական տեխնոլոգիական Huawei Technologies Ltd եւ 5G արտադրող չինական ընկերությունների հանդեպ պատժամիջոցներ մտցնելու մասին, որոնք կսահմանափակեն ԱՄՆ բանկերին նրանց հասանելիությունը, տեղեկացրել է Reuters-ը։

Հանրապետական սենատոր Թոմաս Քոտոնի ներկայացրած օրինագիծն ուղղված է Huawei-ի եւ այլ «անհուսալի» չինական արտադրողների հանդեպ «խիստ պատժամիջոցներ» մտցնելուն, որոնք զբաղվում են ԱՄՆ-ի դեմ «տնտեսական լրտեսությամբ»։

Նախկինում օրենսդիրները փորձել են սահմանափակել Huawei-ի հասանելիությունն ԱՄՆ բանկերին՝ առաջարկելով նման օրինագիծ 2020թ., երբ նախագահն էր Դոնալդ Թրամփը։

«Վերջին տարիներին մենք հասել ենք մեծ հաջողությունների տանը եւ արտասահմանում՝ Huawei-ի չարամիտ գերիշխանության եւ ամերիկացիների տվյալները գողանալու փորձերի դեմ պայքարում»,- ասել է Քոտոնը։ «Մենք չենք կարող թույլ տալ Huawei-ին եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը ամերիկացիների անձնական տվյալների եւ մեր երկրի պաշտպանության ամենագաղտնի համակարգերի հասանելիություն ունենալ»,- ավելացրել է նա։