Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար եւ առողջապահական ոլորտում սպառնալիքներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի համար։ Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Նա տեղեկացրեց, որ Ղարաբաղում կա 5 ծանր հիվանդ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։
«Մենք մշտական կապի մեջ ենք Ղարաբաղի գործընկերների հետ՝ հիվանդների բուժման եւ նրանց Հայաստան տեղափոխելու հետ կապված խնդիրները լուծելու համար։ Աշխատանքներ են տարվում նաեւ չորս գյուղերին (Շուշիի շրջան-խմբ.) դեղորայքով ապահովելու ուղղությամբ։ Մենք դիմել ենք ԱՀԿ: Սա համարում ենք առողջության իրավունքի խախտում։ Հուսով ենք, որ ԱՀԿ-ն կարձագանքի եւ որոշակի միջոցներ կձեռնարկի»,- հավելեց Նանուշյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10:30-ի սահմաններում ադրբեջանցիները, իբր, բնապահպանական պատճառներով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։
Արդեն մեկ օրից ավելի է՝ ադրբեջանական կողմը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներն ու ոտնահարում ԼՂ խաղաղ բնակչության իրավունքները՝ փակելով Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։
Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Հայաստանից Ղարաբաղ ժամանած քաղաքացիները գիշերել են Գորիսում, նրանցից մի քանիսը, այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր գյուղում։
Դեկտեմբերի 13-ին Ղարաբաղի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու անհրաժեշտության կապակցությամբ։
Դրանում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական եւ գործուն քայլեր` Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ անխափան ցամաքային կապի վերականգման եւ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով։
Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից` որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության եւ իր հայրենի հողում ապրելու իրավունքը, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը։
Կոչ ենք անում միջազգային կառույցներին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար»։
Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։





























