Ես համոզված եմ, որ սա պատասխան է Հայաստանի այն դիրքորոշմանը, որ մենք Ղարաբաղի հարցում կիսում ենք Ռուսաստանի տեսակետը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Ադրբեջանի պատվիրակությունը մի քանի անգամ քվեարկում է, որ Ռուսաստանն ագրեսոր պետություն է, պատասխանը մենք ենք ստանում, ոչ թե Ադրբեջանը: Բոլորիս աչքի առաջ ռուս խաղաղապահները մինչեւ ատամները զինված նայում էին, թե ոնց են մի քանի բաշիբոզուկներ վրամներ տեղադրում: Դուք տեսա՞ք, որեւէ մի խաղաղապահ եկավ, ասե՞ց՝ ճանապարհը մի փակեք: Ես ավելի քան համոզված եմ, որ ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ: Այ բոլորը դրան է ուղղված: Անհամբեր սպասում են, թե երբ ղարաբաղցիները չդիմանան, մի նռնակ պայթեցնեն, երեւի սպասում են՝ երբ պետք է նոր Լաչինի ճանապարհ փնտրենք ուրիշ սարերով: Իմ կարծիքով Ռուսաստանը փորձում է հրաժարվել Ղարաբաղից, փոխարենը Հայաստան ստանա Ադրբեջանից: Սա պետք է հասկանանք եւ պետք է խոսակցության մեջ մտնենք Ադրբեջանի եւ մեր գործընկերների հետ: Ռուսաստանը մեզ ուզում է ներքաշել պատերազմի մեջ: Ռուսաստանն այսօր Քեմալական Թուրքիայի առաքելությունը տալիս է Ադրբեջանին: Չեմ կարծում, որ Ադրբեջանը դրանում շահագրգռված է»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Նա հայտարարեց, որ պետք է Ռուսաստանից պահանջել, որ կատարի իր պարտավորությունները, կան դիմի օգնության, եթե դրա կարիքն ունի. «Էս մեր ռեւանշիստներն ի՞նչ են ուզում, թող գնան ՌԴ դեսպանատան դիմաց հանրահավաք անեն, ինչի՞ են գնում կառավարության դիմաց: Որովհետեւ ով պատերազմ բառն այստեղ հնչեցրեց, ռեւանշիստները երազում են այդ պատերազմի մասին, որ մենք մի հատ էլ պարտվենք, իրենք իշխանության գան արդեն ՌԴ նահանգում: Չի լինելու դա»,-ասաց Վիգեն Խաչատրյանը:
Նշենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
ՔՊ-ն առաջարկում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասով հայտարարություն ընդունել։
Ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ ՔՊ-ի ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։











