Ադրբեջանը նպատակաուղղված գործունեություն է իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ  ուժերին վարկաբեկելու համար։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող խորհրդարանի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Խորհրդարանականի խոսքով, Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է կատարում. «Այժմ հայկական կողմը բանակցում է ռուս խաղաղապահների հետ։ Նպատակը Լաչինի միջանցքում հերթական սադրանքը կասեցնելն է։ Հայ հասարակությունն ակնկալում է, որ ռուս խաղաղապահները անհրաժեշտ գործողություններ կձեռնարկեն Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար եւ շուտով կկանխվի Ադրբեջանի կողմից հրահրված մոտալուտ հումանիտար աղետը»,- ասաց Կոնջորյանը։

Պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտ են առարկայական քննարկումներ՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առաքելության ժամկետը երկարացնելու համար։