Մեր հավաքագրած տեղեկություններով 1100 մարդ կամ Արցախից չի կարողանում հասնել Հայաստան, կամ Հայաստանում է մնացել, չի կարողանում հասնել Արցախ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց «Համախմբում» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեք ՄԱԿ-ից, նա պատասխանեց. «Երրորդ օրն է եւ միջազգային կազմակերպությունը, որը մարդու իրավունքների ու աշխարհում խաղաղության համար է ստեղծվել, որեւէ արձագանք, որեւէ՝ գնահատականի չի արժանացրել իրավիճակն Արցախում: Մենք ՄԱԿ-ի գրասենյակին տեղեկացրել ենք Արցախում ստեղծված վիճակը և այս իրավիճակում որևէ արձագանք չստանալ կառույցից, որը մարդու իրավունքների պաշտպան առաջնային կազմակերպությունն է, ցավալի է»:
Նա հայտարարեց, որ չեն սպասում ՄԱԿ-ի ինչ-որ կոչի, չնայած դրանք նույնպես կարևոր են, այլ ակնկալում են կոնկրետ գործողություններ. «Կա պնդում, որ Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է միջազգային գործիքակազմ կիրառի, լինի խաղաղապահներին միջազգային մանդատի տրամադրում, ՄԱԿ-ի տարբեր գրասենյակների և գործակալությունների բացում Ստեփանակերտում, կամ՝ այլ»,-ասաց Ստեփանյանը և հավելեց. «Երկրագնդի վրա կա մի հատված, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որում ապրում են մարդիկ, այդ մարդիկ ունեն իրավունքներ և միաջազգային հանրությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքների իրացումը»:
Նա հայտնեց, որ իր ղեկավարած գրասենյակի հավաքագրած տվյալները տրամադրվում են ՀՀ ՄԻՊ գրասենյակին, որի միջոցով էլ դրանք փոխանցվում են տարբեր երկրների դեսպանատներին և միաջացգային կառույցներին:
Գեղամ Ստեփանյանը հավաստիացրեց, որ իր կառույցի պատրաստած զեկույցները հասնում են եվրոպական համապատասխան գրասենյակներ և իր անձնական հանդիպումների ժամանակ, երբ արտասահմանյան գործընկերներին հարցրել է, թե ինչու միջոցներ չեն ձեռնարկում, իրեն պատասխանել են, որ պետք է պահպանեն անկողմանակալ դիրքորոշում:
«Երբեմն ինձ էլ էր թվում, որ անընդհատ խոսելով մարդու իրավունքների խախտումների մասին, ես լսելի չեմ լինում միջազգային տարբեր հարթակներում, բայց Եվրոպա կատարած մի քանի այցերի ընթացքում համոզվել եմ, որ տեղեկատվության իրապես տիրապետում են․ մեր կազմած զեկույցները հասնում են նրանց, տեսնում են, ծանոթանում են, բայց գործողություններ չեն ձեռնարկվում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:
«Երբ ես ուղիղ հարց եմ տալիս՝ ինչի՞ համար գործողություններ չեք ձեռնարկում, ստանում եմ պատասխան՝ մենք պահպանում են անկողմնակալություն։ Դե, պահպանեք այդ անկողմնակալությունը, քանի մարդիկ սպանվում են այնտեղ։
Այսինքն, անկողմնակալությո՞ւնն է կարևոր, թե՞ կոնկրետ ճշմարտությունն ասելը։ Այ, դա է իմ պահանջը։ Միջազգային կառույցների հետ խոսելիս ես դա եմ առաջ մղում․ իհարկե, հասկանում եմ՝ ձեր անկողմնակալությունը ձեր գործունեության երաշխիքն է, բայց աչք փակել իրականության վրա, արդեն աբսուրդային է ու տրամաբանությունից դուրս»,- շեշտեց Արցախի օմբուդսմենը։
Նա գտնում է, որ վիճակի պատասխանատուն եռակողմ հայտարարությունը ստարգրած պետությունները, որոնք երաշխավորել են արցախցիների անվտանգությունը, բայց մեղավոր է նաև միջազգային բոլոր կառույցները որոնք պարտավորված են պաշտպանել մարդու իրավունքները:
«Երբ կոսովոյի դեպքում միջազգային մեխանիզմենր են կիրառվում, ապա այն պետք է արվի նաև Արցախի դեպքում»,-ասաց Գեղամ Ստեփանյանը և միջազգային կառույցներին հորդորեց չառաջնորդվել տնտեսական շահերով, այլ մարդու իրավունքներով:
Հիշեցնենք՝ Ադրբեջանն արդեն երրորդ օրն է՝ «բնապահպանական» կեղծ պատճառաբանություններով փակ է փակում Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում։ Նախօրեին Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի գազամատակարարումը՝ օգտվելով այն հանգամանքից, որ խողովակաշարի մի հատվածը, որով Արցախ երկնագույն վառելիք է մատակարարվում, գտնվում է իր վերահսկողության ներքո։











