2021 թվականին Ռուսաստանը 1990-ականների սկզբից ի վեր առաջին անգամ վարկ է տրամադրել Իրանին, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները։

Իրանն անցյալ տարվա արդյունքներով վեց միլիոն դոլարի փոխառություն է վերցրել։ Վերջին անգամ Ռուսաստանին այս երկրի պարտքը գրանցվել է մոտ երեսուն տարի առաջ (1992 թվականին) եւ կազմել է 251 300 դոլար։

2021 թվականի վերջին Ռուսաստանին խոշորագույն պարտք ունեցողները Բելառուսը, Բանգլադեշն ու Հնդկաստանն են եղել։ Օրինակ՝ Բելառուսը ստացել է 8,5 մլրդ դոլարի վարկեր՝ նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 1,9 տոկոսով։

Ամենաշատն աճել է Ուզբեկստանի պարտքը Ռուսաստանին։ Նրա պարտավորություններն աճել են 77 տոկոսով եւ կազմել 254,7 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա արդյունքներով 38 երկիր Ռուսաստանին ընդհանուր 26,54 մլրդ դոլարի պարտք են ունեցել։