Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ Հայաստանի վարչապետը՝ որպես 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության գլխավոր պատասխանատու, պարտավոր էր բոլոր ջանքերը գործադրել եւ եռակողմ հանդիպում կազմակերպել, որպեսզի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացման հարցը լուծվեր։
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու, Արցախին գազամատակարարումից զրկելու եւ արցախահայությանը հումանիտար աղետի առջեւ կանգնեցնելու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որի ստորագրությունը դրված է 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության տակ։
Փաշինյանը, փաստացի, արցախահայությանը ու Արցախի իշխանություններին միայնակ է թողել՝ այս քաղաքական խնդրի առջեւ, որը վերածվել է նաեւ հումանիտար աղետի եւ որեւէ բանով չի զբաղվում։
Ադրբեջանը չեղարկել է, խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը. նախ փակել է Լաչինի միջանցքը, բացի այդ, եռակողմ հայտարարության մեջ ոչ մի կետ չկա Մարտակերտի շրջանի վերաբերյալ։ Հիմա ի՞նչ հիմքով ադրբեջանցիները պետք է անցնեն Մարտակերտի շրջան ու գնան Դրնբոն։
Այս դեպքում ո՞վ պետք է գնա դրա հետքերով, եթե ոչ հայկական կողմը ներկայացնող ամենագլխավոր պատասխանատուն։ Մենք սովորել ենք, որ Փաշինյանը ոչինչ չանի, որովհետեւ 44 օր շարունակ բունկերից միայն ուղիղ եթերներ էր տալիս։ Նա հիմա չպետք է Երեւանում լիներ, այլ պետք է փորձեր եռակողմ հանդիպում կազմակերպել, որտեղ կորոշվեր՝ Ադրբեջանը չեղարկե՞լ, խախտե՞լ է 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, թե նոր պայմանավորվածություններ են լինելու, լուծում է տրվելու այս խնդրին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։
Արցախի պատգամավորի կարծիքով, քաղաքական հարթակում լուծվող այս հարցում, անելիքներ ունի նաեւ Արցախի իշխանությունը։ Բայց պատգամավորի տպավորությամբ՝ տեղի իշխանությունները կրավորական դիրքում են եւ որեւէ գործողություն չեն անում խնդրի լուծման ոււղղությամբ։
«Արցախի իշխանությունը պարտավոր է Հայաստանի իր գործընկերոջը ստիպել, որ նա քայլեր ձեռնարկի։ Այս իշխանությունն էր, որ ստորակետի ճշգրտությամբ համաձայն էր Նիկոլ Փաշինյանի ասած կամ գործած ամեն ապուշության հետ, ուրեմն թող այս վիճակից հանեն ժողովրդին, բայց առ այսօր ոչինչ չի արվում,– նշեց Մետաքսե Հակոբյանը։
Արցախի պատգամավորի համոզմամբ՝ միջազգային հանրության կողմից մինչ այս պահը արված հայտարարությունները, Արցախի խորհրդարանի կողմից արցախահայությանը սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին ընդունած հայտարարության արդյունքն է։
«Իհարկե մենք մեծ ակնկալիքներ չունենք միջազգային հանրությունից, որովհետեւ 44–օրյա պատերազմի ժամանակ, երբ ֆոսֆորային զենք էր օգտագործվում, որեւէ արձագանք չեղավ միջազգային հանրությունից։ Ամեն դեպքում հիմա փոքր հաջողություններ ունենք, եթե այն ժամանակ կոչերն ուղղված էին երկու կողմերին, հիմա դրանք հստակ ուղղված են Ադրբեջանին»,– նկատեց արցախցի պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակվել է Նիկոլ Փաշինյանի կողմից բանավոր պայմանավորվածությունները չկատարելու պատճառով։
«Ադրբեջանի նախագահն այսօր հստակ նշեց այն բոլոր պահանջները, որի պատճառով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ապա դադարեցրել գազամատակարարումը։ Ալիեւը հստակեցրեց, որ 2024 թվականին Ադրբեջանը կավարտի իր տարածքում բոլոր աշխատանքները՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հետ։ Պարզ էր, որ Ադրբեջանի նախագահը խոսում էր Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած բանավոր պայմանավորվածությունների մասին։ Իսկ այն, որ Հայաստանի իշխանությունները ինչ–որ անցքեր են մտել ու ձայն չեն հանում, փաստում է, որ Ալիւը ճիշտ է խոսում։ Ալիեւը պահանջում է բանավոր պայմանավորվածությունների կատարում, ինչի արդյունքում էլ այսօր Նիկոլ Փաշինյանը որպես գառան մատաղացու արցախահայությանը տվել է Ադրբեջանի հոշոտմանը։ Չգիտեմ՝ վերջապես Նիկոլ Փաշիյանը կհայտարարի այդ բանավոր պայմանավորվածությունների մասին, թե մենք մնալու ենք շրջափակման մեջ՝ բնապահպանական պատճառների պատրվակով։ Այդ պատճառները բնավ էլ բնապահպանական չեն։
Սա Նիկոլ Փաշինյանին ուղղված շանտաժի լեզու է, դեռեւս Ադրբեջանը հնարավորություն է տալիս խելքի գալ Հայաստանի իշխանություններին, որ կարողանան ինքնուրույն հայտարարություն անել կամ էլ պահանջների կատարմանը գնան։ Իհարկե, աշխարհին այլ կերպ են ներկայացնում այս խնդիրը՝ բնապահպանական պատրվակներ առաջ բերելով, որ միջազգային հանրությունը չմեղադրի իրենց, բայց իրականությունն այլ է։
Ես, իհարկե, չեմ ուզում հավատալ, բայց Ալիեւը հայտարարեց, որ հայկական կողմն է անջատել գազը, ինքը կապ չունի դրա հետ։ Ամեն ինչ էլ հնարավոր է, եթե մարդիկ պայմանավորվում են Հայաստանի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին, իսկ ինչու չեն կարող մեզ վրա ճնշում գործադրելու համար գազն անջատել։ Չնայած Ալիեւը հայ ազգի ոխերիմ թշնամին է, բայց մենք իրավունք ունենք նրան հավատալու, որովհետեւ 44–օրյա պատերազմից հետո ինչ ասում է՝ իրականություն է դառնում»,– ասաց Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ Արցախում անորոշություն կա, բայց խուճապային տրամադրություններ չկան։
«Անհանգստություն, իհարկե, կա, բայց զանգվածային խուճապ չկա։ Վառելիքի խնդիրն է, որ հիմա լուրջ է»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, դեկտեմբերի 13–ից, Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։
Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ եւ սեղմված գազի պակաս։ Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:





























