Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիտսն առաջարկել է Ռիգայում Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծել այն բանից հետո, երբ գաղափարը համընդհանուր հավանություն չի ստացել ԵՄ-ում։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով մասնագիտացված միջազգային տրիբունալ ստեղծելու Եվրահանձնաժողովի առաջարկը Բրյուսելում վերջերս կայացած նիստում չի արժանացել Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարների միասնական աջակցությանը։

«Անցած շաբաթ Եվրահանձնաժողովը հրապարակեց հաղորդագրություն այն մասին, որ աջակցում է նման տրիբունալի ստեղծմանը։ Հուսով եմ, որ այն կստեղծվի։ Հարց է, թե որտեղ։ Միգուցե, Կիեւում կամ Ռիգայում։ Կա Նյուրնբերգյան տրիբունալ, գուցե ստեղծվի Ռիգայի տրիբունալը»,-ասել է նա LSM պորտալին տված հարցազրույցում։

Լատվիայի նախագահը պնդում է, որ նման տրիբունալի համար պարտադիր չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը, որտեղ Ռուսաստանը վետոյի իրավունք ունի։ «Դա կարող են անել նաեւ այլ կազմակերպություններ, օրինակ՝ Եվրոպայի Խորհուրդը կամ պարզապես երկրների միջեւ պայմանագրի հիման վրա նույն կարծիք ունեցող երկրները։ Կարող է լինել նաեւ հիբրիդային մոդել, դրա մի մասը կարող է կապված լինել ուկրաինական օրենսդրության հետ»,-ասել է Լեւիտսը։