Արցախում ապրում են մեր հայրենակիցները, այդ մարդկանց երակներով հոսում է նույն արյունը, այդ մարդիկ մեզանից մեկն են. Ի՞նչ տարբերություն, թե որտեղ հայն ունի անվտանգության սպառնալիք՝ Արցախո՞ւմ, Սյունիքո՞ւմ, Երևանո՞ւմ, Գյումրիո՞ւմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կառավարության շենքի դիմաց «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ իշխանություններն այսօր առանց ամաչելու ուղղակի և անուղղակի տեքստերով ի լուր աշխարհի շարունակում են պնդել, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում. «Խոսում են Լաչինի միջանցքի մասին: Տարիներ առաջ այդ միջանցքը խորը թիկունքում էր։ Այս իշխանության համառ ջանքերով Շուշին, Քաշաթաղը, Հադրութը, Քարվաճառը, մեր հայրենիքի անբաժան հատվածները հանձնելուց հետո է, որ այսօր Հայաստանն Արցախին կապող ճանապարհը դարձել է այսքան խոցելի»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Տ.Աբրահամյանն ընդգծեց, որ մեր միակ խնդիրն այդ ճանապարհի բացումը չէ. «Ճնշումների, հակամարդկային այդ քայլերի ձեռնարկման միջոցով Հայաստանին ու Արցախին ներկայացվել է նոր վերջնագիր։ Այսինքն, մեր խնդիրը միայն ճանապարհի բացմամբ չի սահմանափակվելու։ Ադրբեջանն այսօր հստակ գնում է Արցախը հայաթափելու, մաս-մաս խլելու ճանապարհով»,- ասաց նա։
«Հայ ժողովրդի համար այս կարևոր փուլում յուրաքանչյուրը պետք է օգտագործի իր հնարավորությունները։ Միջազգային կառույցները, երկրներն ունեն Ադրբեջանին ճնշելու և այս ամենից հետ կանգնեցնելու մեթոդները»,- ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ անգործությունը վաղը շատ ավելի ծանր հետևանքների կհանգեցնի։ Միջազգային ճնշումից բացի, Արցախն ունի նաև Հայաստանի և Սփյուռքի սատարման կարիքը։
Տ. Աբրահամյանի խոսքով, Արցախում գտնվող մեր հայրենակիցներն ուժեղ են, պինդ են, կամքը տեղում է, բայց, բնականաբար, ունեն Հայաստանում, Սփյուռքում ապրող մեր բոլորի սատարման կարիքը, և նրանց որևէ պայմաններում որևէ դեպքում միայնակ թողնելու բարոյական իրավունք չունեն։
«Մենք հանձնվելու, պարտվելու իրավունք չունենք։ Մենք, բնականաբար, միասին կարող ենք այս խնդիրների հետևից գնալ ու կարգավորել։ Բարդ խնդիրներ են, բայց երկու բան արձանագրենք՝ այս ճգնաժամային բարդ իրավիճակում պարզապես պետք է իրար հետ խոսենք պարզ, մատչելի լեզվով, երկրորդ՝ Ադրբեջանին, միջազգային հանրությանը, պետք է բոլորին ցույց տանք, որ Հայաստանում օրակարգ թելադրողը ոչ թե սրանք են, այս իշխանություններն են, այլ մարդիկ, ովքեր գիտացում են, որ Արցախի պաշտպանությամբ պաշտպանում են Հայաստանը, գիտացում են, որ Արցախի հարցը լուծելուց հետո Ադրբեջանն անցնելու է Հայաստանին և այս մարդիկ ունեն ասելիք, անելիք, գնալու են դրանց հետևից»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։




























