Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հորդորում է բնակիչներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան, քանի որ օդային գծերի ծանրաբեռնվածությունը կարող է վթարների հանգեցնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը:

«Գազամատակարարման դադարեցման պատճառով Արցախում անցել ենք էլեկտրաէներգիայի օգտագործմանը, ինչն ավելորդ ծանրաբեռնվածություն է օդային գծերի եւ տրանսֆորմատորների ենթակայանների համար։ Ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել վթարային անջատումների, դրա համար էլ խորհուրդ ենք տալիս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։ 44–օրյա պատերազմը լուրջ վնասներ է հասցրել Արցախի էներգոհամակարգին, մեր արտադրանքի գրեթե 85%-ը կորցրել ենք։ Դեֆիցիտը լրացվում է Հայաստանից։ Եթե հանկարծ «Շինուհայր-Ստեփանակերտ» օդային գծում վթար լինի, ինչը, օրինակ, կարող է տեղի ունենալ ադրբեջանական սադրանքի հետեւանքով, ապա այդ դեպքում կանցնենք հովհարային անջատումների»,– ասաց Արմեն Մեժլումյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, դեկտեմբերի 13–ից, Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։

Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ եւ սեղմված գազի պակաս։ Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: