Թուրքիայում առաջին թռիչքն է կատարել Bayraktar Kızılelma անօդաչու ռազմական սարքը, գրել է Baykar ընկերության վարչության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը Թվիթերում։ Նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք այլեւս չէինք կարող նրան պահել երկրի վրա։ Նա թռավ»,- գրել է Բայրաքթարը Թվիթերի իր օգտահաշվում՝ ցուցադրելով անօդաչուի թռիչքի տեսագրությունը։

Նախատեսվում է, որ առաջին լիարժեք թռիչքները կսկսվեն 2023թ.։ Սարքը կարող է թռչել մոտ 630 կիլոմետր/ժամ արագությամբ, 11 կիլոմետր բարձրությամբ, թռիչքի տեւողությունը՝ մոտ 5 ժամ։

Bayraktar Kızılelma անօդաչու թռչող սարքը, որն ունի ռեակտիվ շարժիչ, առաջին անգամ ներկայացվել է Թուրքիայում այս տարվա օգոստոսին, Սամսուն քաղաքում, Teknofest Karadeniz ավիացիոն-տիեզերական փառատոնի շրջանակում։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Bayraktar Kızılelma-ն կարող է թռչել նավերի վրայից, կարճ թռիչքուղուց, այդ թվում Թուրքիայի ՌԾՈւ-ի ֆլագմանից՝ TCG Anadolu-ից։