Ադրբեջանի կողմից դեպի Արցախ գազամատակարման խափանման հետեւանքով Շուշիի Հին Շեն, Մեծ Շեն եւ Եղցահող գյուղերի դպրոցներում դասապրոցեսները չեն ընդհատվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին գյուղապետները։
Մեծ շեն եւ Հին շեն գյուղերում գազատամակարարումը դադարեցվել էր դեռ մայիս ամսից՝ Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի շինարարության ընթացքում գազատար խողովակը վնասելու հետեւանքով։
«Մենք արդեն սովոր ենք առանց գազի ապրելուն։ Հիմա մեր վառելիքը փայտն է, որի պաշարը բավարար է գյուղացիներին։ Դպրոցը տաքացնում ենք էլեկտրական սալիկներով։ Անջատվելու դեպքում էլ ես ունեմ դիզելային գեներատոր, որը հերիքում է գյուղին»,- ասաց Մեծ շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը։
Հին շեն գյուղում եւս բնակիչներն անցում են կատարել փայտով ջեռուցմանը։
«Մեր փայտը մեզ բավարար է, բայց պարենամթերքի առումով խնդիր ունենք։ Երբ ճանապարհը նոր էին փակել, հաշվարկը հօգուտ մեզ էր, բայց հիմա հասկանում ենք, որ եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, մեր պարենը մեզ ամենաշատը երկու օր բավականացնի։ Իհարկե, այնքան պահածոներ ունենք, որոնք կարող են մեկ տարի էլ բավականացնել, բայց ալյուր չենք ունենա, որ հաց թխենք։ Բայց ես կարող եմ ասել՝ մեր հոգին անկոտրուն է, մեզ նման բաներով ծնկի բերել չեն կարող»,- նշեց Հին շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը։
Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանն էլ պատմում է, որ խնդիր կա կապված առաջին անհրաժեշտության դեղորայքի հետ։
«Մարդիկ գոյատեւելու համար մոտ երկու ամսվա պաշար ունեն։ Խնդիրը դեղորայքն է, գյուղում ունենք հիվանդ մարդիկ, որոնց մշտական դեղեր են անհրաժեշտ եւ հնարավոր է խնդիր առաջանա»,- ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Դեկտեմբերի 13–ից, Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։
Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ եւ սեղմված գազի պակաս։ Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:





























