ՆԱՏՕ-ն 2023 թվականի համար մոտ 2 միլիարդ եվրոյի ռազմական բյուջե է սահմանել, որը 25 տոկոսով ավելի է, քան եղել է այս տարի: Այս մասին չորեքշաբթի հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը։

«Դաշնակիցները չորեքշաբթի օրը Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում համաձայնեցրել են ՆԱՏՕ-ի 2023 թվականի քաղաքացիական եւ ռազմական բյուջեները: Քաղաքացիական բյուջեն սահմանվել է 370,8 միլիոն եվրո, իսկ ռազմական բյուջեն՝ 1,96 միլիարդ եվրո՝ 27,8 տոկոսով եւ 25,8 տոկոսով ավելի, քան 2022 թվականին»,- ասվում է դաշինքի հայտարարության մեջ:

Այնտեղ պարզաբանվում է, որ «քաղաքացիական բյուջեն միջոցներ է նախատեսում ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակի եւ նրա միջազգային շտաբի անձնակազմի, օպերատիվ եւ ծրագրային ծախսերի համար»: «Ռազմական բյուջեն ծածկում է ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցի շտաբի գործարքային ծախսերը, առաքելությունների եւ գործողությունների ծախսերը ամբողջ աշխարհում: ՆԱՏՕ-ի ընդհանուր ֆինանսավորման երրորդ հիմնական տարրը ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ ներդրումների ծրագիրն է (NSIP), որն ընդգրկում է խոշոր ներդրումները շինարարության եւ կառավարման ու վերահսկման համակարգերում: NSIP-ի վերին շեմը 2023-ի համար կազմում է 1 միլիարդ եվրո՝ 26,6 տոկոսով ավելի, քան 2022-ին»,- ասվում է փաստաթղթում։