Իրանական ռիալի փոխարժեքն ընկել է պատմական նվազագույնի` ընդդեմ երկրի ղեկավարության երկրում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին: Երկու տեղացի թրեյդերների գնահատմամբ՝ սեւ շուկայում, որտեղ տեղի են ունենում արժույթի հետ հիմնական գործարքները, դոլարը վաճառվում է միջինը 384 000 ռիալով, հայտնում է Bloomberg-ը։
Դոլարներ գնելու հերթական պատճառ Ռուսաստանին զենք մատակարարելու համար Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներն են դարձել, ինչպես նաեւ անկարգությունների ճնշումը, որոնց շրջանակներում մի քանի մահապատիժ է իրականացվել։
Սեպտեմբերի կեսերից ռիալը կորցրել է իր արժեքի 18 տոկոսը։ Տեղացի թրեյդերներից մեկը նշել է, որ արտարժույթի պահանջարկը շարունակում է աճել, քանի որ բիզնեսը գտնվում է ճնշման տակ, իսկ պատժամիջոցների վերացման հեռանկարը հեռու է թվում։
Իրանական արժույթն անկում է ապրում 2018 թվականից, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց մասնակցել միջուկային գործարքին՝ կարծելով, որ Թեհրանը չի կատարում իր պայմանները։ Այդ ժամանակվանից իշխանությունները փորձում են վերահսկել արժութային շուկաները, սակայն անարդյունք։ Բացի այդ, դոլարի եւ այլ արտարժույթների հանրաճանաչության վրա ազդում է բարձր գնաճը եւ բնակչության եկամուտների կրճատումը։




























