Երեք օր շարունակ փակ պահելու հետեւանքով մի քանի հարյուր արցախցիներ մնացել են Գորիսի եւ Կապանի հյուրանոցներում։ Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմներում երկու որդիներին կորցրած Գոհար Ասլանյանը Ստեփանակերտից Երեւան էր եկել՝ զոհված որդու՝ Անդրանիկ Ղազարյանի ծննդյան տարեդարձը Եռաբլուրում նշելու համար, եկել է ու չի կարողանում հետ վերադառնալ իր տուն։
«Տղայիս ծննդյան օրն էր, եկել էի Եռաբլուր, ամսի 11-ին նշեի ու վերադառնայի տուն։ Թոռնիկներս, հարսս Ստեփանակերտում են, սակայն մտանք շրջափակման մեջ։ Երեք թոռնիկներս նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին»,- ասաց Գոհար Ասլանյանը։
Գոհար Ասլանյանը վստահեցնում է, ինքն Արցախը չի լքելու. «Ադրբեջանը լավ իմանալով որ Արցախը հայկական հող է, փորձում է այնուամենայնիվ ապացուցել, թե սա իրենցն է։ Արցախը արցախցիներինն է, եւ այն արցախցիներինը, որոնց կռվել են, այնտեղ են մնացել»։
Նա պատմեց, որ նաեւ առողջական խնդիրներ ունի, դժվարությամբ է հիմա հյուրանոցում մնում. «Սրտի վիրահատություն եմ տարել։ Այստեղ միայնակ եմ։ Թոռնիկներս Արցախում են, ուզում եմ այնտեղ գնալ, սպասում եմ ամեն րոպե»։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, դեկտեմբերի 13–ից, Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։
Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ եւ սեղմված գազի պակաս։ Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ այդ թվում ավելի քան 270 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ։











