Ադրբեջանը չի ասում, որ հենց հիմա որպես Ադրբեջանի իշխանություն են ուզում Կաշենի հանքավայրում այդ մոնիթորինգն անել. իրենք ասում են, թե բնապահպաններն են ուզում դա անել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի հատուկ Հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Գիտեք՝ նախկինում այցելություն է եղել Սարսանգի ջրամբար, որևէ նման միջադեպ չի արձանագրվել, Լաչինի միջանցքը չեն փակել, որովհետև համագործակցել են Արցախի իշխանությունների հետ»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով՝ Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրության կողմից արդեն արծարծված միջազգային մեխանիզմի ստեղծումը, որը կլինի խոսակցության հնարավորություն Բաքվի և Ստեփանակերտի միջև. «Միջազգային մեխանիզմի կարևորությունը, որը վաշինգտոնյան պայմանավորվածություն է, որից Ադրբեջանը հրաժարվում է, հենց սրանում է: Եթե մեխանիզմը ստեղծված լինի, այդ քննարկումը տեղի կունենա»,- ասաց հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Նա նշեց, որ այն անգլիական ընկերությունը, որն Ադրբեջանում ստացել է հանքի շահագործման արտոնագիր, արդեն դիմել է դատարան. «Եթե դու իրավական ճանապարհով ուզում ես խնդիր լուծել, հիմա ճանապարհ փակելը, հումանիտար ճգնաժամ առաջացնելը, գազն անջատելը որքանո՞վ են ադեկվատ քայլեր՝ ներկայացված իրենց այդ հանքի և էկոլոգիայի սոուսի ներքո»,- ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի հետ կապված ռուսական կողմից սպասվող հայտարարությանը՝ Էդմոն Մարուքյանը նշեց. «Մենք ակնկալում ենք, որ նաև ՌԴ-ն քաղաքական գնահատական կտա տեղի ունեցող գործընթացներին և նաև Լաչինի միջանցքի անարգել շարժը կապահովի: Մենք գիտենք, որ ռուսական խաղաղապահ ուժերից կա տեղեկատվություն, որ բանակցություններ են ընթանում, հույս ունեմ, որ բանակցություններն արդյունք կտան, և միջանցքը կբացվի, որովհետև դրա այլընտրանքն արդեն բազմաթիվ հայտարարություններում արձանագրված էթնիկ զտման և այլ ցեղասպանական քաղաքականության իրագործումն է, որը որևէ պարագայում չպետք է թույլ տանք ո՛չ մենք, ո՛չ միջազգային հանրությունը»:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների կողմից ուժ կիրառելու իրավունքին, Մարուքյանը նշեց. «Խաղաղապահները մանդատ ադրբեջանցիների կողմից չեն ստացել: Եթե հիմա ճանապարհը բացվի, հունանիտար ճգնաժամը վերջանա, դա էլ հարցի լուծում չէ, քանի որ խնդիրը երկարատև լուծման կարիք ունի. «Այսօր բացեն, վաղը կարող են նորից փակել մեկ այլ պատրվակով: Դրա համար մենք միջազգային հանրության հետ մեր աշխատանքներում տանում ենք այն գիծը, որ խնդիրը երկարաժամկետ լուծման կարիք ունի, այլապես այս խնդիրները շարունակվելու են: Միջազգային մեխանիզմը ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունների, շփման, խնդիրների լուծման, միմյանց առջև հարցերի բարձրացման համար այլընտրանք չունի»,- ասաց նա: