Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա է սերտ տնտեսական համագործակցություն, ռազմավարական գործընկերություն եւ, ամենակարեւորը, բարեկամություն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները եզակի են, որոնք փորձված են վերջին տարիների եւ դարերի ընթացքում: 

«Մենք ամուր բարեկամություն եւ բարիդրացիական հարաբերություններ ունենք։ Մենք ուրախ ենք, որ մի քանի շաբաթ առաջ ընդունել ենք Իլհամ Ալիեւին, դա շատ կարեւոր այց էր։ Մենք քննարկեցինք ընթացիկ ռազմավարական ծրագրերը, նախանշեցինք այն ծրագրերը, որոնց մասին այսօր կշարունակենք խոսել։

Կցանկանայի գոհունակությամբ նշել, որ վերջին շրջանում համատեղ հանձնաժողովի նիստերն ավելի են ակտիվացել։ Անցած տարի ես պատիվ ունեցա մասնակցելու այս հանձնաժողովին։ Կցանկանայի նաեւ նշել, որ այս տարի մենք խորհրդանշական կերպով կնշենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մեր ժողովուրդների եւ երկրների միջեւ կա լիակատար փոխըմբռնում եւ բարեկամություն, այդ հարաբերությունները միայն ամրապնդվում են: Պետք է նշեմ, որ օրինակելի գործընկերությամբ մենք կնպաստենք ավելի կայուն Հարավային Կովկասին։ Դա մեր ընդհանուր նպատակն է, կայուն տարածաշրջան տեսնելու մեր ընդհանուր ցանկությունը, որը հիմք կհանդիսանա ավելի մեծ տնտեսական զարգացման եւ մեր ժողովուրդների բարեկեցության համար»,-ասել է Ղարիբաշվիլին։