Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարությունը, թե ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հայ զինծառայողների կողմից արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ պաշտպանական բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Ղարաբաղյան կողմը հարգում է հրադադրի ռեժիմը եւ միակողմանի պահպանում է այն»,- հավաստիացրեց նա։

Նշենք, որ ադրբեջանական Trend գործակալության տեղեկացմամբ, Տերտերի շրջանում հայ զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում սեպտեմբերի 8-ին, իբր, վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող Թելման Ալիշահ օղլու Սեյֆուլլաեւը։