Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Մինսկ եւ բանակցություններ կվարի Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Ինչպես տեղեկացրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարներն առաջնահերթ ուշադրություն կհատկացնեն անվտանգության հարցերին, կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանում եւ աշխարհում իրավիճակի մասին, կքննարկեն առաջ եկող մարտահրավերներին արձագանքելու համատեղ միջոցները։

Պուտինը եւ Լուկաշենկոն  մանրամասն կքննարկեն դաշնակցային ծրագրերի իրականացումը, առեւտրատնտեսական համագործակցությունը եւ ներմուծման փոխարինման հետ կապված հարցերը։ Կարեւոր թեմա է փոխգործակցությունն էներգետիկ ոլորտում։

Բարձր մակարդակով հանդիպումը տեղի կունենա Անկախության պալատում։ Սկզբում նախատեսված են բանակցություններ ընդլայնված կազմով, նախագահների, կառավարությունների անդամների, գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։

Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները հանդիպում կունենան առանձնազրույցի ձեւաչափով։ Դրանից հետո, ինչպես սպասվում է, նրանք հայտարարություն կանեն եւ կպատասխանեն լրագրողների հարցերին։