Երեւանում կրթության եւ գիտության ոլորտում Հայաստանի եւ Լիտվայի համագործակցության զարգացման հեռանկարներն են քննարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Լիտվայի կրթության եւ գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը կարեւորել է այսօր Երեւանում մեկնարկած «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի աշխատանքները, որի նպատակը բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների, կրթության որակի, հավասարության, արդյունավետության շուրջ կարծիքների եւ փորձի փոխանակումն է:

Գ. Ստեպոնավիչիուսը նշել է, որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ամրանդել եւ խորացնել երկկողմանի կապերը:

Հանդիպման ընթացքում, վարչապետն անդրադարձել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ընդգծել բուհերի միջազգային հավատարմագրման կարեւորությունը: Իր հերթին Լիտվայի կրթության եւ գիտության նախարարը մանրամասներ է ներկայացրել իր երկրում կրթական բարեփոխումների իրականացման ընթացքի, բուհերի հավատարմագրման գործընթացի, բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների եւ արդյունքների վերաբերյալ:

Խոսելով ընդհանուր պատմական անցյալի մասին՝ կողմերն ընդգծել են բարեփոխումների հաջող իրականացման գործում խորհրդային մտածելակերպի փոփոխության անհրաժեշտությունը:

Գինտարաս Ստեպոնավիչիուսն ընդգծել է, որ Լիտվան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին եվրոպական ինտեգրման ու բարեփոխումների իրականացման  գործընթացներում: Նա տեղեկացրել է, որ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ընդգծելով, որ Լիտվայի խորհրդարանը 2005 թ. դեկտեմբերի 15-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: