Հայաստանի եւ Ռումինիայի կառավարությունների միջեւ այսօր` սեպտեմբերի 8-ին, Ռումինիայի ԱԳՆ-ում մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին ծրագիր է ստորագրվել: Ծրագիրը ստորագրել են Ռումինիայի ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Անտոն Նիկուլեսկուն եւ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդ ծրագրի, կողմերը կխրախուսեն թատրոնի, կինոյի, երաժշտության, կերպարվեստի, ոչ նյութական մշակութային ժառանգության, պատմության, թանգարանային գործի, թանգարանային եւ ճարտարապետության ուսուցման բնագավառներում համագործակցությունը, կիրականացնեն համագործակցության ծրագիր ազգային մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության բնագավառների հաստատությունների միջեւ:

Ծրագիրը նախատեսում է լայն համագործակցություն կրթության բնագավառում, մասնավորապես, բուհական եւ հետբուհական ուսուցման կրթաթոշակների փոխանակման միջոցով: Ծրագրի առանցքային կետերից մեկը փոխադարձաբար հայերենի եւ ռումիներենի, գրականության, հայագիտության եւ ռումինագիտության ուսումնասիրությունն է Երեւանի եւ Բուխարեստի պետական բուհերում: Արդեն մի քանի տարի Երեւանի Բրյուսովի անվ. Լեզվագիտական համալսարանում հաջողությամբ դասավանդվում է ռումիներեն, նախատեսվում է այս ուսումնական տարվանից Բուխարեստի համալսարանում վերսկսել հայոց լեզվի դասընթացները: