ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 16-ին, Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո (Երևանի ժամանակով 19։00-ից հետո) Ֆրանսիայի առաջարկով քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ ԱԽ աշխատանքները լուսաբանող Security Council Report (SCR) անկախ հետազոտական կենտրոնի թվիթերյան էջից:
This morning (16 December), following the consultations on #Libya, #UNSC members will discuss the situation in Nagorno-Karabakh (#Armenia - #Azerbaijan) under "any other business", at the request of @franceonu. No briefer is expected.
— Security Council Report (@SCRtweets) December 16, 2022
Հաղորդագրության համաձայն՝ քննարկումը կայանացել է օրակարգի «Այլ հարցեր» հատվածում, փակ ռեժիմով, որով մամուլի հաղորդագրություն չի նախատեսվում:
Արցախի նախկին պետնախարար և օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում ողջունել է նախաձեռնությունը՝ գրելով․ «Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում: Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»,- նշել է նա:





























