Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան եւ Ռումինիան «կանաչ» էներգետիկայի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, որը կարող է Եվրամիության համար էներգիայի նոր աղբյուր դառնալ էներգամատակարարման ճգնաժամի պայմաններում, հաղորդում է AP-ը։

Համաձայնագիրը նախատեսում է Սեւ ծովի հատակին մալուխի տեղադրում, որը Վրաստանի եւ Ռումիանիայի միջով կմիացնի Ադրբեջանը Հունգարիայի հետ։   

Ադրբեջանը նախատեսում է ծովային հողմակայաններից էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա Վրաստանի միջով, ապա՝ Ռումիանա եւ Հունգարիա։

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի գրասենյակը ուրբաթ օրը հաղորդել է, որ չորս երկրների միջեւ համաձայնագիրը «ֆինանսական եւ տեխնիկական հիմք» կապահովի ստորջրյա էլեկտրական մալուխի նախագծի համար:    

Նախագիծը նպատակ ունի դիվերսիֆիկացնել էներգիայի մատակարարումները եւ բարձրացնել տարածաշրջանային էներգետիկ անվտանգությունը, ասվում է հայտարարության մեջ:

Ուրբաթ օրը ռումինական բնական գազ արտադրող Romgaz-ը նաեւ հայտնել է, որ պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության հետ, այսպես կոչված, Հարավային գազային միջանցքով բնական գազ ստանալու համար, որի մատակարարումները կսկսվեն հունվարի 1-ից: Romgaz-ը հայտարարել է, որ դա կծառայի բնական գազի աղբյուրների դիվերսիֆիկացման իր «ռազմավարական նպատակներին»։

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն օգոստոսին հայտարարել է, որ Ադրբեջանը շուտով «մեծ քանակությամբ էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա» կարտադրի ծովային հողմային էլեկտրակայանների միջոցով, եւ որ ստորագրելով միացնող գազատարի նախագիծը, որը կարող է այդ էներգիան հասցնել Եվրոպա, Հունգարիան կատարում է ԵՄ անդամ երկու երկրների մասնակցության պահանջը, որպեսզի ներդրումները ֆինանսավորում ստանան բլոկից:

Սիյարտոն նշել է, որ նախագիծը կարող է ավարտվել 3-4 տարվա ընթացքում, եւ որ այն կարեւոր քայլ կլինի էներգիայի մատակարարումները դիվերսիֆիկացնելու եւ ածխածնի չեզոքության նպատակներին հասնելու համար:

Այս շաբաթ Սիյարտոն հանդիպել է Կատարի եւ Օմանի պաշտոնյաների հետ՝ կապված Մերձավոր Արեւելքի այս երկու երկրներից Հունգարիա նավթի եւ բնական գազի ներմուծման հնարավոր ապագայի հետ, ինչը եւս մեկ նշան է, որ Հունգարիան քայլեր է ձեռնարկում բնական գազի 85 տոկոսը եւ նավթի ավելի քան 60 տոկոսը հավասարեցնելու համար, որն այժմ ստանում է Ռուսաստանից։