Կարծում եմ, որ Բաքուն ունի գործողությունների որոշակի ծրագիր, եւ այս ծրագրի շրջանակներում կան դրա իրականացման մի քանի սցենարներ, մեխանիզմներ։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ ասաց ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։

«Այսինքն՝ որպես ուղղակի ուժային ճնշում, այն, ինչ տեսանք աշնան սկզբին՝ բախում սահմանին, առաջխաղացում հայկական տարածքում եւ այլն։ Նույնը վերաբերում է այն տարածքին, որն այժմ պատկանում է Լեռնային Ղարաբաղին։ Սա ուժային տիրույթ է: Իսկ կա մի տեսակ կիսաուժային ճնշում, եւ այս դեպքում նա ունի երկու հիմնական մոտալուտ նպատակ»,- նշեց քաղաքագետը։

Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ առաջին նպատակը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելն է, ստիպել նրան գնալ որոշակի զիջումների, իսկ երկրորդը՝ պարզապես զինված մարդկանց սադրելը, որ ուժ կիրառեն։

«Եթե, օրինակ, նրանք ուժ են կիրառում, ապա սա հիմք է տալիս։ Արյուն է թափվում, հետո սովորական սցենար է, որը բազմիցս փորձարկվել է ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ եւ հետագայում, երբ ուժ կիրառելուց ու արյուն թափելուց հետո կարելի է անել այն, ինչ ուզում ես։ Այսինքն՝ կարելի է, օրինակ, բարձրացնել Լեռնային Ղարաբաղից, հակամարտության գոտուց խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման հարցը։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եթե խաղաղապահները հեռանում են, ապա, երեւի, նրանց հետ հեռանում է նաեւ հակամարտության գոտում մնացած հայ բնակչությունը։ Այս կողմը ճնշում է Ռուսաստանի վրա։ Իսկ երկրորդ կողմը, ըստ էության, ճնշում է Արցախի բնակչության, ԼՂՀ բնակչության վրա՝ նպատակ ունենալով, որ այս բնակչության առնվազն 90%-ը, իսկ ավելի լավ է 99%-ը հեռանա այս տարածքից՝ Լեռնային Ղարաբաղի հարցը հիմնովին վերացնելու համար, որպեսզի այն գոյություն չունենա։

Սա դատավճիռ է, այսինքն՝ կարելի է խոսել սահմանի, խաղաղության պայմանագրի, հաղորդակցությունների կամ միջանցքների մասին եւ այլն։ Նա ժամանակ ունի հիմա, երբ հարմար է դա անել։ Այսինքն՝ համաշխարհային բոլոր խաղացողները զբաղված են այլ ոլորտներում։ Ռուսաստանը զբաղված է ՀՌԳ-ով եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների ճգնաժամով, եւ անհրաժեշտ է նախ եւ առաջ ավարտին հասցնել սեփական խնդիրները, իսկ Արեւմուտքը զբաղված է Ռուսաստանի հետ առճակատմամբ։

Հետեւաբար, այս դեպքում Ադրբեջանը քարտ-բլանշ ունի»,- պարզաբանեց ռուս փորձագետը։