Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դժգոհել է պաշտպանական ոլորտում ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների կողմից  համագործակցության «անարդար սահմանափակումներից»։

«Մեր առաջնահերթությունը միշտ եղել է դաշնակիցների հետ համագործակցությունը։ Սակայն, ցավոք, երբեմն մենք բախվում ենք պաշտպանական ոլորտում մեր որոշ դաշնակիցների կողմից համագործակցության անարդար սահմանափակումների: Եվ դա բացասաբար է անդրադառնում ոչ միայն Թուրքիայի, այլեւ Հյուսիսատլանտյան դաշինքի վրա։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր սահմանափակումները կվերացվեն»,- ասել է նախարարը Il Messaggero թերթին։

Նա նաեւ նշել է իր երկրի դերը «ահաբեկչության» դեմ պայքարում, ինչի համար Անկարան մտադիր չէ «թույլտվություն խնդրել» որեւէ մեկից։ Նա հիշեցրել է Թուրքիայի կողմից սիրիացի ժողովրդին ցուցաբերվող օգնությունը եւ Սիրիայից գրեթե չորս միլիոն փախստականների ընդունելությունը։ «Խնդրում ենք հաշվի առնել, որ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան հանդիսանում է վերջին պատնեշը, որը պաշտպանում է Եվրոպային ահաբեկիչների եւ փախստականների հոսքից»,- եզրափակել է թուրք նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։