ԱՄՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին մեղադրել է նրանում, որ վերջինս «զիջել է ռուսական սպառնալիքներին» եւ պաշտոնական անձանց չի ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից օգտագործվող անօդաչու սարքերը ստուգելու համար, որոնք, ըստ Վաշինգտոնի, մատակարարվել են Իրանի կողմից, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ռուսաստանը հերքում է, որ իր զինված ուժերը Ուկրաինայում օգտագործել են իրանական անօդաչու սարքեր, եւ պնդում է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները մանդատ չունեն Կիեւ մեկնելու՝ անօդաչու սարքերի ծագումը հետաքննելու համար:
Թեհրանը խոստովանել է, որ Մոսկվային անօդաչու սարքեր է մատակարարել, բայց բացատրել է, որ դրանք ուղարկվել են մինչ փետրվար՝ մինչ Ռուսաստանի կողից Ուկրաինա ներխուժելը։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն եւ Ուկրաինան պնդում են, որ իրանական արտադրության անօդաչուների մատակարարումը Ռուսաստան խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի բանաձեւը:
Այդ երկրները ցանկանում են, որ Գուտերեշը ՄԱԿ-ի ներկայացուցիչներին ուղարկի Կիեւ։
«Մենք ցավում ենք, որ ՄԱԿ-ը ոչ մի գործողություն չի ձեռնարկել խախտման մասին այդ հաղորդագրության նորմալ հետաքննություն անցկացնելու համար»,-ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը:
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր 2015 թվականի իրանական միջուկային գործարքի վերաբերյալ բանաձեւին, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ռոբերտ Վուդն ասել է․ «Մենք հիասթափված ենք, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը՝ ակնհայտորեն ենթարկվելով Ռուսաստանի սպառնալիքներին, չի կատարել հետաքննություն անցկացնելու մանդատը, որը նրան տվել է Անվտանգության խորհուրդը»։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդին ուղղված զեկույցում Գուտերեշը պատմել է , որ ՄԱԿ-ի պաշտոնյաներն ուսումնասիրում են առկա տեղեկատվությունը, եւ ցանկացած եզրակացության մասին կհաղորդվի սահմանված կարգով:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդին ասել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները «չպետք է ենթարկվեն արեւմտյան երկրների ճնշմանը, իսկ այդ կեղծ հետազոտության ցանկացած արդյունք անվավեր է»։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին ասել է, որ Իրանը Ռուսաստանին չի փոխանցել Անվտանգության խորհրդի կողմից արգելված որեւէ արտադրանք։





























