Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի ու ավելի շատ ժամանակ կտրամադրի Իրանի «թշնամական գործունեության» դեմ պայքարին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ռիշի Սունակը՝ ելույթ ունենալով Համայնքների պալատում։
Նա հայտարարել է, որ իրեն «անհանգստացնում են» Իրանում ցուցարարների նկատմամբ Թեհրանի վերաբերմունքը, նրա միջուկային ծրագիրը եւ այլ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: «Թեեւ Ռուսաստանը եւ Ուկրաինան մնում են մեր արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրը, նոր տարվա սկզբին, ինձ ավելի ու ավելի է անհանգստացնում Իրանի վարքագիծը,- ասել է նա,- Ուստի ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի ու ավելի շատ ժամանակ ծախսենք դրա վրա ապագայում»:
Խոստանալով շարունակել աջակցել Ուկրաինային՝ Սունակը նշել է, որ կարեւոր է նաեւ «զարգացնել» աջակցությունը՝ հաշվի առնելով մարտի դաշտում պայմանները:
Վարչապետը հերքել է այն մեղադրանքները, թե Մեծ Բրիտանիան մեղմացրել է իր մոտեցումը Չինաստանի նկատմամբ իր ղեկավարության ներքո՝ ընդգծելով, որ Լոնդոնի քաղաքականությունը համապատասխանեցվում է նրա ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի եւ Ավստրալիայի քաղաքականությանը: «Ինձ համար միշտ պարզ է եղել, որ Չինաստանը համակարգված մարտահրավեր է մեր արժեքներին»,- ասել է նա: «Նրանց արժեքները շատ տարբեր են մերից։ Բայց կարեւորը մեր ձեռնարկած գործողություններն են»:





























