Թուրքմենստանը սահմանափակումներ չունի Իրանի հետ հարաբերությունների զարգացման հարցում։ Այս մասին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է արտգործնախարար Ռաշիդ Մերեդովը։

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը եւ տարածաշրջանային զարգացումները, հայտնում է Mehr-ը։

Իրանի արտգործնախարարը շնորհավորել է Թուրքմենստանին չեզոքության տարեդարձի կապակցությամբ եւ նշել երկու երկրների միջեւ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Նա կարեւորել է թուրքմենական գազի փոխանակման եւ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով տարանցման հարցը։

Մերեդովը նաեւ մեծ նշանակություն է տվել երկու երկրների համագործակցությանը միջազգային կազմակերպություններում, ներառյալ՝ ՏՀԿ-ն եւ Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ):