Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնում Վասիֆ Թալիբովին նշանակել է դեռեւս Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի հայրը՝ Հեյդար Ալիեւը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։

Թալիբովը, ինչպես նշեց փորձագետը, այդ պաշտոնում նշանակվել է Հեյդար Ալիեւի՝ Բաքու տեղափոխվելուց գրեթե անմիջապես հետո։ «Իր «մարդկանց»  մի մասին Ալիեւն իր հետ տարել է Բաքու։ Մի մասը թողել է Նախիջեւանում։ Իլհամ Ալիեւի համար, մի կողմից, դժվար էր որեւէ կոպտություն դրսեւորել իր հոր «ժառանգության» նկատմամբ։ Այդ իսկ պատճառով նա բավական համբերատար ընդունեց Թալիբովին։ Սա առաջինն է, իսկ հիմա անցնենք այս հարցի երկրորդ մասին։ 

Նախիջեւանը, համաձայն Ադրբեջանի սահմանադրության, ինչպես նաեւ ռուս-թուրքական մի շարք պայմանագրերի, Ադրբեջանի մաս չէ։ Սա նրա տարածքը չէ ։ Սա առանձին հանրապետություն է Ռուսաստանում Թաթարստանի նմանությամբ: Այսինքն՝ այնտեղ կա իր նախագահը, իր օրենսդիր մարմինները, եւ նա վարում է սեփական արտաքին քաղաքականությունը։ Նա չունի սեփական բանակ եւ չի կարող իրականացնել արտաքին քաղաքականություն։ Սակայն Հանրապետությունն ի վիճակի է ստորագրել որոշակի պայմանագրեր, սահմանել կամ փակել մաքսային անցակետերը եւ այլն։ Նախիջեւանն Ադրբեջանի համար բավական ցավոտ թեմա է։ Չէ՞  որ Սյունիքի մարզն, ըստ էության, երկիրը բաժանում է երկու մասի։ Այդ կապակցությամբ Նախիջեւան մուտք գործելը զգալիորեն խոչընդոտվում է։ Այնուամենայնիվ, այս հարցի լուծումը Ալիեւը որոշել է թողնել ավելի ուշ, քանի որ նա այլ առաջնահերթ խնդիրներ ուներ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հարցը եւ Հայաստանի լիակատար վերացումը»,-պարզաբանեց Ադիբեկյանը՝ հավելելով, որ վերը նշված բոլոր հարցերը Ադրբեջանի նախագահը ՀՀ ներկայիս իշխանության ակտիվ ջանքերով հիանալի հաղթահարում է։

Ըստ ադրբեջանագետի՝ Ալիեւը բազմիցս փորձել է կարգուկանոն հաստատել Նախիջեւանում։ «Տարածաշրջանը զարգանում է ինչ-որ հին խանական սովորույթներով ու օրենքներով։ Տնտեսական վիճակը նույնպես բավական ողբալի է»,-ասաց  փորձագետը։ Փորձագետը համոզված է, որ այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքով նախագծի իրականացման հավանականությունն առավել քան երբեւէ մեծ է։

«Բաքվի բռնապետը, հասկանալով դա, շտապում է Նախիջեւանում տոտալ վերահսկողություն հաստատել՝ դրանով իսկ ամրապնդելով իր իշխանությունը։ Այսինքն, եկել է Նախիջեւանի ինքնավարությունը կորցնելու ժամանակը։ Այսուհետ տարածաշրջանը պետք է ուղղակիորեն ենթարկվի Բաքվին»,-հավելեց Ադիբեկյանը։