Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Գերատեսչությունն այլ մանրամասներ չի հայտնել։
Ավելի վաղ Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Երեւանը հրաժարվել է մասնակցել դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։
Ավելի ուշ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի արտգործնախարարի առաջնահերթ խնդիրներից են Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի կարգավորումն ու Լաչինի միջանցքի անխափան վերագործարկումը։





























