Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 9-ին, ընդունել է սեպտեմբերի 8-9-ը Երեւանում անցկացվող «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» միջազգային համաժողովի մասնակիցների պատվիրակությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովն անցկացվում է Հայաստանի եւ Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում:
Հանրապետության ղեկավարը ողջունել է համաժողովի մասնակիցներին եւ նշել, որ Հայաստանի համար համաժողովի նպատակները շատ կարեւոր են ու արդիական: «Մենք այդ գործընթացը համարում ենք եվրամերձեցման հարթակներից մեկը»,-ասել է ՀՀ նախագահը եւ հավելել, որ Հայաստանում 2005թ.-ից սկսած բարեփոխումներ են իրականացվում բարձրագույն կրթության ոլորտը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Սերժ Սարգսյանի խոսքով, ՀՀ կառավարությունն այժմ ձեռնամուխ է եղել մի գործընթացի, որի նպատակն է բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների բարելավումը, կրթության որակի, հավասարության, մատչելիության եւ արդյունավետության բարձրացումը: Այս գործընթացում Նախագահը կարեւորել է եվրոպական փորձի կիրառումը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է երկօրյա համաժողովի ընթացքն ու արդյունքները: Համաժողովին մասնակցող պատվիրակության անդամները գոհունակությամբ են խոսել համաժողովի կազմակերպական բարձր մակարդակի եւ արդյունավետ քննարկումների մասին: Նրանք կարեւորել են Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում սկսված բարեփոխումները եւ պատրաստակամություն հայտնել ինչպես Բոլոնիայի գործընթացի շրջանակում, այնպես էլ երկկողմ ձեւաչափով շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ համաժողովը օգտակար կլինի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ գործընթացի մասնակից այլ երկրների համար:




























