Համաշխարհային բժշկական ասոցիացիան Արցախի հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված հազարավոր խաղաղ բնակիչներին օգնություն ցուցաբերելու շտապ գործողությունների կոչ է արել։

Նշվել է, որ ճգնաժամը հաջորդել է Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի փակմանը, ինչի հետեւանքով ավելի քան 120 000 խաղաղ բնակիչներ զրկվել են բուժօգնության հնարավորությունից։ Որպես հետեւանք՝ Արցախում հազարավոր մարդիկ չեն կարողանում ստանալ պարեն եւ բուժօգնություն, իսկ հիվանդներին անհնար է հասցնել Երեւանի հիվանդանոցներ։

«Պացիենտները կարող են մահանալ, որովհետեւ չեն կարողանում ստանալ իրենց դեղերը եւ չեն կարողանում հիվանդանոց տեղափոխվել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ անցումը, որպեսզի այս հումանիտար աղետն ավելի չխորանա։ Սա կրիտիկականորեն կարեւոր երթուղի է կենսականորեն կարեւոր սննթամթերքների եւ դեղորայքի առաքման համար»,- ասել է WMA Խորհրդի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնթգոմերին։