Այս վարչախումբը չունի այլ այլ լեզու սեփական ժողովրդի հետ խոսելու, քան բռնաճնշումների լեզուն: Այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ-ի անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, մարդիկ Հայաստանում զրկվում են ապրուստից, որովհետեւ մի ինչ-որ չինովնիկ նրանց կրպակները ապամոնտաժելու հրահանգ է տվել: «Հայոց բանակը վեր է ածվում սեփական զավակներին խժռող մեքենայի: Զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ գողական, տմարդի բարքերը ՔԿՀ-ներից տեղափոխվել եւ հասել են հայոց բանակի զորամասեր: Զորամասերը գեներալների գիտությամբ հանձնվել են քրեակական թափթփուկներին: Հայոց բանակի զինվորը զինվոր չէ այլեւս, այլ կթու կով տխրահռչակ գեներալիտետի համար: Այն գեներալիտետի, որի ներկայացուցիչներից մեկը մեզ սպառնում էր, որ երկուսից ավելի հավաքվելու դեպքում կցրի: Հավաքի’ր քեզ պարոն գեներալ, որ եկել ես պապաներիդ հետ Ղարաբաղից:
Եկել է քո գնալու ժամանակը»,- հայտարարել է Փաշինյանը:Նա նշել է նաեւ, որ ավազակապետական ռեժիմը գիտակցաբար ծվատում է մեր հայրենիքը: «Անբարո ավազակախումբը հայրենիքը քաղաքացուց օտարելու խնդիր է դրել: Նրանք ամեն ինչ անում են, որ մարդիկ ատեն իրենց երկիրը:
Գերակա արժեք են դարձել շողոքորթությունը, քծնանքը: Սերժանտական խունտան չի հրաժարվել սեփական ֆազենդա դարձնելու հրեշավոր ծրագրից: Նրանց քաղաքացի պետք չէ, այլ բնակչություն, որ ապահովեն իրենց լակոտների գոյությունը, լլկեն, ծաղրեն ու ծանակեն»,- ասել է ընդդիմադիր գործիչնու հավելել. «Այս ամենը նշանակում է, որ Հայաստանում հաստատվում է հեղափոխական իրավիճակ, որովհետեւ առկա է ժողովուրդ, որն ունի բազմաթիվ խնդիրներ, իսկ իշխանությունը ոչ միայն չի կարող լուծել խնդիրները, այլեւ ինքն է ամենամեծ խնդիրը:
Ու քանի որ իշխանությունը ի վիճակի չէ լուծել հայրենիքի ու ժողովուրդի խնդիրը, ժողովուրդը պետք է իր ձեռքով լուծի իշխանության հարցերը»:Փաշինյանը համոզված է, որ քաղաքացին պետք է դուրս գա հրապարակ եւ սեփական ձեռքերով հաստատի սահմանադրական իրավակարգ: «Հեղափոխությունը կենսական անհրաժեշտություն է, եւ ես յուրաքանչյուրիդ կոչ եմ անում պատրաստվել սահմանադրական հեղափոխության: 500 հազար Ազատության հրապարակում եւ 24 ժամ սերժանտական խունտային` հեռանալու համար»,- ամփոփել է նա:



























