Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին դուր չի գալիս Արեւմուտքի երկրների «կանխակալ» քաղաքականությունը մարդու իրավունքների ոլորտում։
Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք ի վիճակի չեն ճանաչել գաղութատիրական անցյալի ժառանգությունը, միաժամանակ «փորձում են Թուրքիային սովորեցնել մարդու իրավունքներ եւ օրենքի գերակայություն»։ «Նրանք, ովքեր սեփական անվտանգության չնչին սպառնալիքի դեպքում ամեն ինչ քանդում են իրենց ճանապարհին՝ միաժամանակ դատողություններ անելով Թուրքիայի իրավական համակարգի արդյունավետության եւ արդարության մասին, նրանք, ովքեր դատապարտելի ոչինչ չեն տեսնում աշխարհի տարբեր երկրներում արյունալի ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ, փորձում են մեզ Մարդու իրավունքների թեմայով նկատողություններ անել»,-ասել է նա։
Նա դժգոհել է, որ ամերիկյան իրավապահ մարմինները մինչ օրս չեն թակել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի առանձնատան դուռը, որին Էրդողանը համարում է 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպիչ։ Գյուլենն ապրում է Փենսիլվանիայում ավելի քան 15 տարի։
Թուրքիայի նախագահը հերթական անգամ մեղադրել է Հունաստանին՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը «խախտելու» մեջ։ «Միգրանտների նկատմամբ Հունաստանի կողմից իրականացվող անօրինականությունը սարսափելի չափերի է հասել»,-ասել է նա։





























