Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի վրա:Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` սեպտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Նա ազատվել է իր դիմումի համաձայն:

Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:

Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ անցած երեք տարիներին իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար:

Կարեն Կարապետյանը Ռուսաստանում հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբայրն է, 2007-2008թթ. եղել է  Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարը, իսկ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. սեպտեմբերից: