ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ–ից, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին:
ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն եւ Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելուն։
Արարատ Միրզոյանը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները եւ կոպտորեն ոտնահարում միջազգային հումանիտար իրավունքը՝ կարեւորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթեւեկության վերականգնման համատեքստում:



























