Ադրբեջանական եւ հայկական կողմերը մշտապես աշխատում են առաջարկների վրա եւ դրանք ներկայացնում միմյանց։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսում՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին։
«Միանշանակ պատասխան՝ բավարարում են մեզ այդ առաջարկները, թե ոչ, երեւի թե ճիշտ չէ տալ։ Այդ գործընթացը հեշտ չէ, բավական դժվար է։ Կողմերի դիրքորոշումները շատ հարցերում տարբերվում են։ Այն տարբեր փուլերից է բաղկացած, մի փուլում կողմերը մշակում են իրենց առաջարկները, փոխանցում մյուս կողմին, հաջորդը բանկացային գործընթացի կարեւորագույն փուլն է՝ պատվիրակությունների հանդիպումները, ֆիզիկական մասնակցությունը, քննարկումները, որտեղ ավելի լավ ես հասկանում մյուս կողմի դիրքորոշումը, ավելի լավ ես տեղ հասցնում քո դիրքորոշումը։ Ադրբեջանական կողմը պատրաստ էր այսօր բանակցել այդ թեմայով։ Երեկ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը այն պայմաններով, որոնք Հայաստանն է առաջարկել։ Կարծում եմ՝ սա ավելի շատ քաղաքական հայտարարություն է։ Պայմանագրերն այդպես չեն ստորագրվում, որովհետեւ եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, դեռեւս հոկտեմբերի 2–ին Ժնեւում Ադրբեջանը պատրաստ էր ստորագրել պայմանագիրը իր առաջարկած նախագծով։ Կարծում եմ՝ պետք է շարունակել աշխատել»,– ասել է Բայրամովը։
Նա մեկնաբանել է նաեւ Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ, ենթադրյալ շրջափակման մասին, Հայաստանի կողմից տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «Սա հեշտությամբ հերքվում է առկա բազմաթիվ փաստերով։ Մեծ թվով հաստատումներ կան այն մասին, որ շտապօգնության մեքենաները եւ Կարմիր խաչը երկու ուղղություններով հանգիստ տեղաշարժվում են»։
Բայրամովը հավելել է, որ «էկոակտիվիստները» դեմ են Ադրբեջանի ռեսուրսների թալանին։
«Նրանք նպատակ չունեն խոչընդոտել ապրանքների, տրանսպորտային միջոցների անցմանը։ Սակայն մենք տեսնում ենք իրավիճակի սրում, ինչը նպատակ ունի ճգնաժամի տպավորություն առաջացնել։ Մենք կարծում ենք, որ սա հիմք չունի»,- ընդգծել է նա։





























