Մի քանի րոպե առաջ Երեւանի Ազատության հրապարակում ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը։ Հանրահավաքի մասնակիցները հրապարակից դուրս են եկել Մաշտոցի պողոտա։ Երեւանի կենտրոնական փողոցներով շրջելուց հետո ցուցարարները վերադարձել են Ազատության հրապարակ։
Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին։ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, ՀԱԿ-ն այն նախատեսել էր անցկացնել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, սակայն հետո հրաժարվել է այդ գաղափարից:
«Այդ օրը Երեւանում տասնյակ միջոցառումներ կանցկացվեն, ուր պարահանդեսը կվարեն նրանք, ովքեր անկախության հետ որեւէ ընդհանրություն չունեն։ Հենց այդ պատճառով մենք որոշեցինք հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 23-ին։ Այդ ամսաթիվը եւս խորհրդանշական է։ Հայաստանի Անկախության հռչակագիրը ընդունվել է սեպտեմբերի 21-ին, սակայն անկախության մասին հայտարարվել է երկու օր ուշ՝ սեպտեմբերի 23-ին»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը։



























