Լեռնային Ղարաբաղը ողջունում է Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի հայտարարությունը, ըստ որի Ուրուգվայն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

«Ընդհանրապես Ուրուգվայը հետաքրքիր պետություն է, որովհետեւ նախ անցել է յուրահատուկ պատմական փուլ, բացի դրանից Ուրուգվայում ստեղծվել են միջազգային իրավունքի կարեւորագույն փաստաթղթեր: Պատահական չէ, որ Ուրուգվայը առաջին պաշտոնապես հայտարարեց, որ առնվազն Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը պետք է քննարկի: Դա չի նշանակում, որ Ուրուգվայը ավտոմատ կերպով կճանաչի ԼՂՀ անկախությունը, բայց դա նշանակում է, որ միջազգային հանրությունը լուրջ է վերաբերում նաեւ Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացին, քանի որ նոր պետությունների ճանաչման փուլը, որը բացվեց Կոսովոյով, այնուհետ շարունակվեց Հարավային Օսիայով, Աբխազիայով, Հարավային Սուդանով, չի կարող շրջանցել Լեռնային Ղարաբաղը»,- նշել է Բաբայանը:

Հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կունենա Ուրուգվայի արտգործնախարարի հայտարարությունը, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Հետեւանքները լինելու են երկակի: Ադրբեջանն ու Թուրքիան հիստերիկ քաղաքականություն են սկսելու Ուրուգվայի հանդեպ: Ճիշտ է` Ուրուգվայը իրենցից կախված չէ եւ ուղղակի առաջնորդվում է զուտ մարդասիրական եւ իրավական տեսանկունից»:

Մյուս զարգացումը, ըստ Բաբայանի, կլինի այն, որ միջազգային հանրությունը, հատկապես Լատինական Ամերիկայի երկրները կսկսեն ավելի լուրջ վերաբերել այդ գործընթացին: 

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն, ելույթ ունենալով Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված Ուրուգվայի խորհրդարանական համաժողովին, մասնավորապես ասել էր. «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ ժամանակի ընթացքում միանա Հայաստանին։ Սա է հարցի լուծման միակ ճանապարհը»։

Ուրուգվայի արտգործնախարարն ընդգծել էր նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, եւ իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու եւ ճանաչման հարցը։

Հիշեցնենք, որ Ուրուգվայը նաեւ աշխարհում առաջինն է պետականորեն ճանաչել 1915թ. Թուրքիայում հայերի նկատմամբ կազմակերպված կոտորածները, որպես Ցեղասպանություն։