Մատենադարանի նոր մասնաշենքի ընթերցասրահում հնարավոր կլինի ընթերցել թվայնացված նյութերը համակարգիչներով։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրենի բարձր տեխնոլոգիաների եւ հրատարակչական հարցերով խորհրդական Գուրգեն Գասպարյանը։ Նրա խոսքով՝ ընթերցասրահի, ինչպես նաեւ Մատենադրանի աշխատակիցների համակարգիչները միացված կլինեն համապատասխան սերվերին, որի շնորհիվ ցանկացողները հնարավորություն կունենան գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը թվային տարբերակով։

Գ. Գասպարյանի տեղեկացմամբ, սերվերը Մատենադարանում տեղադրելուց հետո իրենք կներմուծեն նաեւ թվայնացված ինֆորմացիան կառավարելու հատուկ ծրագիր, որի միջոցով հնարավոր կլինի հեշտությամբ գտնել անհրաժեշտ նյութը։ Նյութերը սակայն պատճենելու հնարավորություն չի լինի՝ անվտանգության տեսակետից ելնելով։

«Սերվերը լինելու է փակ համակարգ, այսինքն՝  աշխատելու է միայն Մատենադրանի ներսում։ Ինչ վերաբերում է դրսի սպասարկումներին, ապա դրանք կատարվելու են Մատենադարանի կայքի միջոցով»,-ասաց Գ. Գասպարյանը՝ նշելով, որ եթե դրսից որեւէ գիտնական ցանկանա որեւէ բան նայել պետք է դիմի իրենց եւ նրան կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվությունը, սակայն ամբողջ հսկայածավալ տեղեկատվությանը հասանելիություն ունենալու  համար պետք է գնալ հենց Մատենադարան։

Նշենք, որ Մատենադարանում թվայնացման աշխատանքները սկսվել են 2008թ.-ի սկզբին, մինչ օրս թվայնացվել է մոտ 2000 ձեռագիր մատյան։