Ռուսաստանը չի բացառում վիզային ռեժիմի չեղարկումը Վրաստանի քաղաքացիների համար, եթե դրա համար պայմաններ ստեղծվեն։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան ուղեւորվելու վիզաների ռեժիմի չեղարկան հեռանկարի առումով չենք բացառում, որ դրական որոշումներ կընդունվեն՝ հենց որ դրա համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծվեն»,- ասել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ կայուն կապերի առկայությունը համապատասխանում է Ռուսաստանի եւ Վրաստանի ժողովուրդների շահերին, որոնց «միավորում են բարեկամության, բարիդրացիության դարավոր ավանդույթները, ընդհանուր պատմությունը, մշակույթը, հոգեւոր արժեքները, միլիոնավոր մարդկանց ճակատագրերը»։ «Մեր երկրում ապրում եւ հաջող գործում են հարյուր հազարավոր էթնիկ վրացիներ, վերջին ժամանակներս ավելանում է նաեւ Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների թիվը»,- ավելացրել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ 2012թ. Մոսկվան առանց տատանվելու աջակցեց Թբիլիսիի՝ երկկողմ հարաբերությունները կարգավորելու գծին։ «Եվ հիմա էլ, չնայած ոչ դյուրին արտաքին իրավիճակին եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, ռուս-վրացական փոխհարաբերությունը զարգանում է։ Ընթացիկ տարվա 11 ամսում ապրանքաշրջանառությունը 2021թ. նույն ժամանակամիջոցի համեմատ ավելացել է 1,5 անգամ եւ գերազանցել 2,2 մլրդ դոլարը։ Առեւտրի հետ միասին աճում են նաեւ ցուցանիշները տուրիզմի եւ դրամական փոխանցումների ոլորտներում»,- ասել է նա։
Գալուզինը հիշեցրել է, որ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008թ. Թբիլիսիի նախաձեռնությամբ, եւ ափսոսանք է հայտնել, որ Վրաստանը «շարունակում է դրանց վերականգնման հնարավորությունը կապել քաղաքական պահանջների հետ, որոնք հակասում են տարածաշրջանի նոր իրողություններին»։ «Այսպիսով, գնդակը նախկինի պես վրացական կողմի դաշտում է»,- ամփոփել է նա։




























