Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի նոր մեղադրանքներն Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին երկուշաբթի հայտարարել է, որ ուրիշներին, մասնավորապես՝ Իրանին մեղադրելը չի օգնի Ուկրաինայի ժողովրդին եւ իշխանություններին, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։

«Իրանի ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան անձինք եւս հայտարարել են երկրի սկզբունքային դիրքորոշման մասին։ Մենք ընդգծում ենք, որ ուրիշներին մեղադրելը չի օգնի Ուկրաինայի ժողովրդին եւ իշխանություններին»,- ասել է Քանանին։

Նա նշել է, որ Իրանն Ուկրաինայում պատերազմի մաս չի կազմում եւ պատրաստ է նպաստել ճգնաժամի լուծմանն ու խաղաղության հաստատմանը։

«Մենք անպատասխանատու ենք համարում ցանկացած կողմի սպառնալից խոսքը, եւ Ուկրաինայի կառավարությունը պատասխանատվություն է կրում այդ սպառնալից հայտարարությունների քաղաքական եւ իրավական հետեւանքների համար»,- ավելացրել է Քանանին։