Նախագահի աշխատակազմից ասել են, որ դեսպանների այսօրվա համաժողովին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի չմասնակցելու պատճառը արարողակարգային խախտումն է եղել, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Ինչպես լրագրողներին պարզաբանել են նախագահի մամուլի ծառայությունից, նախագահին չի հատկացվել արարողակարգով նրա համար նախատեսված տեղը, ինչը խախտում է։
«Նախագահը ներկա չի եղել այսօր նախատեսված «դեսպանների համաժողովին», քանի որ նախագահին չի հատկացվել արարողակարգով նրա համար նախատեսված տեղը, ինչը արարողակարգային խախտում է»,- պարզաբանել են նախագահի աշխատակազմում։
Այսօր առավոտյան Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում բացվել է արտերկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հանդիպումը՝ «Դեսպանների համաժողով 2022»-ը։ Միջոցառմանը ելույթ են ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին եւ արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։ Միջոցառման շրջանակներում նախատեսված էր նաեւ Վրաստանի նախագահի ելույթը։




























