Ադրբեջանում այն աստիճան են լկտիացել, որ որոշել են Euronews-ին եւ Le Figaro-ին ցուցումներ տալ, թե ինչպես լուսաբանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակման հետ կապված իրավիճակը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ադրբեջանական մամուլի խորհուրդը դիմել է Euronews-ի ֆրանսիական ծառայությանը եւ Le Figaro թերթին՝ Ստեփանակերտում հանրահավաքի «միակողմանի լուսաբանման» առնչությամբ։ Մասնավորապես, խորհուրդն «ափսոսանք է հայտնել Euronews-ի եւ Le Figaro-ի կողմից ակցիայի ժամանակ ելույթ ունեցած որոշ անձանց ելույթի բովանդակության կանխակալ հեռարձակման կապակցությամբ»։ Բացի այդ, խորհուրդը կոչ է արել Euronews-ին եւ Le Figaro-ին «նրբանկատորեն վերաբերվել ղարաբաղյան իրողություններին» եւ «հարթակ չտալ նրանց, ովքեր ցանկանում են կրկին իրականացնել իրենց քաղաքական արկածախնդիր ծրագրերը Հարավային Կովկասում»։
Հիշեցնենք, որ ավելի քան երկու շաբաթ է Ադրբեջանը լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ «հարգանք» դրսեւորելով ընդհանրապես մարդու իրավունքների եւ մասնավորապես ղարաբաղցիների իրավունքների նկատմամբ։ Նախօրեին հանրահավաք է տեղի ունեցել՝ ի նշան Ստեփանակերտում Ադրբեջանի գործողությունների դեմ բողոքի։





























