Վրաստանի իշխանությունները երկրի միավորման դեպքում 10 միլիարդ դոլար կգտնեն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ներդրումներ կատարելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։
«Ես ուզում եմ մեր աբխազ եւ օս եղբայրներին ու քույրերին ասել բաց թողնված հնարավորությունների մասին»,- նշել է Ղարիբաշվիլին։ «Մեր քաղաքականությունը խաղաղ է, մենք ուզում ենք բուժել վերքերը։ Եվ ես ասում եմ, որ մեր երկրի միավորման դեպքում մենք կարող ենք մոտ 10 մլրդ դոլար ներդնել Աբխազիայում, ինչպես նաեւ Սամաչաբլոյում՝ առաջին երեք տարում ։ Աբխազիան կարող է դառնալ երկրորդ Մոնակո, եւ սա չափազանցություն չէ։ Իսկ Սուխումը՝ երկրորդ Մոնտե Կառլո»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով, իշխանությունների գլխավոր առաջնահերթությունը օկուպացված շրջանների նկատմամբ խաղաղ քաղաքականության շարունակությունն է եւ հաշտեցման ծրագրերի իրականացումը։
«Մեր նպատակն է բարելավել հակամարտությունից տուժած բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները եւ հաշտեցնել արհեստականորեն բաժանված հասարակությունները՝ համագործակցության եւ վստահության ամրապնդման միջոցով», - ասել է Ղարիբաշվիլին:





























