Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրական եւ հաճելի է գնահատում ԼՂՀ ճանաչման գործընթաց սկսելու Ուրուգվայի նախաձեռնությունը, սակայն չի կարծում, որ դրանից լուրջ, քաղաքական հեղափոխություն կառաջանա։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
«Կարծում եմ, որ շատ լավ կլինի, եթե մենք՝ պատգամավորներս մեր դիվանագիտական կեցվածքով տարբեր երկրների փորձենք համոզել ճանաչել ԼՂՀ-ն որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Սա մեր պետական հայեցակարգն է, եւ այս ֆոնին բավական տպավորիչ է Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի հայտարարությունը»,- նկատեց ՀՀԿ փոխնախագահը։
Հարցին, թե որքա՞ն մեծ է գնահատում Հարավային Ամերիկայի եւ աշխարհի մյուս երկրների՝ Ուրուգվային օրինակին հետեւելու հնարավորությունը, Գալուստ Սահակյանը նշեց. «Ինչ-որ պահի գործընթացները հենց այդ հունով էլ պետք է գնան։ Իհարկե, դա չի նշանակում, որ պետությունները չգիտեին, որ մենք իրավացի ենք, պարզապես յուրքանչյուր պետություն իր շահն ունի։ Եթե այդ շահերի շրջանակներից դուրս գան, բնականաբար բոլորն էլ պիտի ընդունեն։ Պետությունների ձեւավորումը հիմնականում այդ ճանապարհով է գնացել»։
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն, ելույթ ունենալով Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված Ուրուգվայի խորհրդարանական համաժողովին, մասնավորապես ասել էր. «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ ժամանակի ընթացքում միանա Հայաստանին։ Սա է հարցի լուծման միակ ճանապարհը»։
Ուրուգվայի արտգործնախարարն ընդգծել էր նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, եւ իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու եւ ճանաչման հարցը։Հիշեցնենք, որ Ուրուգվայը նաեւ աշխարհում առաջինն է պետականորեն ճանաչել 1915թ. Թուրքիայում հայերի նկատմամբ կազմակերպված կոտորածները, որպես Ցեղասպանություն։



























