Ոստիկանության Գավառի բաժնում սեպտեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ  մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1976 թ. ծնված Հրայր Գ.-ն եւ «Սեւան» ազգային պարկի Նորատուսի տեղամասի տեսուչ, 1950 թ. ծնված Ջիվան Մ.-ն:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե տուժողներն ու նրանց հարազատները ոստիկանության ծառայողներին ճիշտ չեն ներկայացրել տեղի ունեցածը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 9-ին  Ջիվան Մ.-ն հրավիրվել է բաժին եւ հաղորդում տվել, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Նորատուսի անտառտնտեսության տարածքում հսկողություն իրականացնելու ընթացքում իրեն է մոտեցել «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ նստած ուղեւորներից ինքը ճանաչել է Գավառ քաղաքի բնակիչ Հրայր Գ.-ին:

Ջիվան Մ.-ն ուղեւորներին արգելել է որս անել, ինչից հետո մեքենայի հետեւի մասում նստած ուղեւորը որսորդական հրացանից կրակել է նրա ուղղությամբ: Կրակոցի հետեւանքով Ջիվան Մ.-ն եւ Հրայր Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ կրակողի ինքնությունը պարզելու, նրան եւ որսորդական հրացանը հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն: